«ԱԺ-ում բյուջեն քվեարկելիս ՀՀ վարչապետն ասել է` ռեֆորմների շնորհիվ ՀԲ կողմից հաշվառվող գործարար միջավայրի ազատականության վերջին (2013-2014թթ.) ինդեքսով (ease of doing business index) Հայաստանը հայտնվել է 37-րդ տեղում։ Այս մարդուն կարելի էր հիշեցնել, որ երբ վեց տարի առաջ վարչապետի պաշտոնը ստանձնեց, ստացել էր մի երկիր, որը գտնվում էր 34-րդ տեղում (2007թ)»,-գրել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում: Նախկին վարչապետը նշել է, որ «վեց տարում ՀՀ տնտեսությունը աճել 9.3 տոկոսով (2008թ.` +6.9%, 2009թ՝ -14.1%, 2010թ՝ +2,1%, 2011թ՝ +4,7% , 2012թ՝ 7.1% և 2013թ՝ 4%)», իսկ տարեկան միջին աճը եղել է 1.5 տոկոս` խոստացած 7-ի փոխարեն։ Համեմատության համար նշվել է, որ աշխարհի տնտեսությունն աճել է 11.8 տոկոսով՝ տարեկան գրեթե 2 տոկոս: Պատգամավորը նկատել է, որ այս ամենի արդյունքում հիմնական տնտեսական ցուցանիշներով 193 երկրների մեջ Հայաստանը «2007թ.-ին 85-90-րդ տեղից իջել է 110-115-րդ տեղերը», իսկ վեց տարվա ընթացքում Հայաստանը լքել է 380 հազար մարդ։ «Հիմա ինչպիսի՞ ցինիզմ է պետք բարեփոխումների մասին խոսելու համար։ ՀՀԿ-ն աչքիս նժդեհականությունից հրաժարվել է և կրկին անցել մարքսիզմ-լենինիզմին»,-հարցրել է Բագրատյանը և շարունակել. «Վեց տարի ռեֆորմ անելուց հետո նահանջել ենք ամենուր։ Ավելի հաջող ստելու համար կառավարությանը խորհուրդ կտայի կարդալ հանրահայտ «Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետը»»:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ